VII-XIII դդ. դարերով թվագրվող այս վանական համալիրը գտնվում է Շիրակի մարզի Հառիճ գյուղում: Հառիճավանքի կազմում են մինչև XIII դ. կառուցված Ս. Գրիգոր և Ս. Աստվածածին եկեղեցիները, գրատուն-դպրատունը (կիսավեր) և երկու մատուռ: Համալիրի հնագույն հուշարձաններն են Ս. Գրիգոր եկեղեցին և «Ճգնավորի մատուռը»:
Ս. Գրիգոր եկեղեցի – VI-VII դդ. բնորոշ կառույց է, կենտրոնագմբեթ, խաչաձև հատակագծով, որը հարավարևելյան կողմից ունի ուղղանկյուն ավանդատուն: Եկեղեցին բազմիցս ենթարկվել է վերանորոգումների, որի ընթացքում գմբեթը կորցրել է իր նախնական ձևը:
Ս. Աստվածածին եկեղեցի – Վանքի գլխավոր եկեղեցին է, որը կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գբեթավոր մեծաչափ կառույց է։ Հուշարձանի գեղազարդման արվեստում ուշագրավ է արևելյան ճակատի հորինվածքում Զաքարե և Իվանե եղբայրների կտիտորական հարթաքանդակը:
Գավիթ – կից է Ս. Աստվածածին եկեղեցուն արևմուտքից և իր մեջ է առնում Ս. Գրիգոր եկեղեցու խորանը: Այն կառուցվել է մինչև 1224 թ. Վահրամ Հեճուպ իշխանի կողմից և պատկանում է քառախորան գավիթների տիպին:
Երկրորդ կամ փոքր գավիթ – գտնվում է Ս. Գրիգոր եկեղեցու հարավային կողմում և հավանաբար կառուցվել է XII-XIII դդ.: Այս հուշարձանից մեր օրերն է հասել շինության միայն հյուսիսարևմտյան մասը` մեկ սյունով և հյուսիսային ու արևմտյան պատերին կից մեկական կիսասյուներով:
Դպրատուն-գրատուն – Ս.Գրիգոր եկեղեցու հարավարևելյան կողմում պահպանվել է վանքի դպրատան քառասյուն գավիթների տիպի կառույցի հյուսիսարևմտյան փոքր հատվածը: Եղել է գրչության ու մանրանկարչության կենտրոն:
«Ճգնավորի մատուռ» – գտնվում է համալիրի հարավարևմտյան մասում, ժայռաբեկորի վրա: Ժամանակի ընթացքում ժայռաբեկորի հետ միասին անջատվել է տարածքից և թեքվել դեպի ձորը: Ունի ուղղանկյուն հատակագիծ, թաղածածկ երկլանջ կտուր, որի միակ մուտքը հյուսիսից է:
Պատմական աղբյուրներից հայտնի է, որ Հառիճավանքն ավերվել է XI դ. սելջուկյան արշավանքների ժամանակ և նորոգվել XII դ. Գրիգոր առաջնորդի կողմից: Նման աշխատանքներ է կատարել նաև 1850 թ. Գյումրիում ստեղծված «Հառիճի» ընկերությունը: 1850-81-ին հուշարձանախմբից հյուսիս` ավերված պարսպի տեղում կառուցվել է ուսումնարան, մառան-խոհանոց, ննջարան, սեղանատուն և տնտեսական շինություն: Հետագայում ուսումնարանի շենքի վրա ավելացվել է 2-րդ հարկ` որպես վեհարան, իսկ տնտեսական շինության վրա` ժառանգավորաց դպրոցը: 1883-84-ին կառուցվել է համալիրի 2-րդ կամարակապ դարպասը` կից կրկնահարկ շինությամբ: 1892-ին Ս.Գրիգոր եկեղեցուն արևելքից կցվել է զանգակատուն: 1893 թ. կառուցվել է ձորամիջի կամուրջը, որով և ավարտվել է ընկերության շինարարական գործունեությունը:
Հառիճավանքը 1995-1999 թթ. ընթացքում մասնակիորեն վերանորոգվել է նաև արգենտինահայ բարերար Էդուարդո Սեֆերյանի միջոցներով: 2005-2006 թթ. այստեղ կատարվել են նաև վերանորոգման աշխատանքներ Դավիթ Վարաքյանի նախաձեռնությամբ: Հառիճավանքը այժմ գործող է, ուր 2010 թ. վերանորոգման աշխատանքներ են կատարվում Մայր Աթոռ Ս.Էջմիածնի հովանավորությամբ: